Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կովկասի «բալկանացումը» ժամանակակից նավթաբարոնների թեթև ձեռքով կմտնի որոշիչ փուլ

Կովկասի «բալկանացումը» ժամանակակից նավթաբարոնների թեթև ձեռքով կմտնի որոշիչ փուլ
05.09.2008 | 00:00

«ԱՅՍՕՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՇԱՀՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ԱՎԵԼԻ ԶՈՒՍՊ Է, ԻՐԱՏԵՍ ԵՎ ՊԱՏՐԱՍՏ՝ ՀԱՎԱՍԱՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ»
«Եթե երկար նայում ես անդունդի մեջ, անդունդը սկսում է նայել քեզ»։
Ֆրիդրիխ Նիցշե
Մեծ փիլիսոփայի այս կանխատեսումն այսօր ամբողջությամբ իրականություն է դառնում մեր տարածաշրջանում։ Բավական է միայն ուսումնասիրել ռուս-վրացական հակամարտության հետևանքով կողմերի կրած կորուստները։ Այսպես, ռուսական ռազմավարական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբանները հաշվարկել են, որ Հարավային Օսիայում պատերազմի յուրաքանչյուր օրը Ռուսաստանին արժեցել է 2,5 մլրդ ռուբլի կամ 100 մլն դոլար, իսկ Վրաստանին՝ 4,8 մլրդ ռուբլի կամ 200 մլն դոլար։ Եվ սրանք բացառապես ռազմական ծախսերն են, չհաշված տնտեսական, աշխարհաքաղաքական, բարոյական այն կորուստները, որոնք միշտ չէ, որ հնարավոր է վերածել դրամական միավորի։
Ոչ պակաս վնասներ են կրել նաև հակամարտության մեջ անմիջականորեն չներքաշված, սակայն ռիսկային գոտում գտնվող Ադրբեջանն ու Հայաստանը։ Միայն էներգակիրները Արևմուտք արտահանելու հնարավորությունից ժամանակավորապես զրկված Ադրբեջանը կորցրել է ոչ պակաս, քան 1 մլրդ դոլար, իսկ Հայաստանի ֆինանսական կորուստները որոշ հաշվարկներով գերազանցում են 600 մլն դոլարը։ Այսպիսով` մեկ անգամ ևս հաստատագրվեց այն իրողությունը, որ գլոբալ տնտեսության պայմաններում ցանկացած նեգատիվ գործողություն միշտ էլ կարող է հանգեցնել դոմինոյի էֆեկտին։
Մասնավորապես «ՈՒոլսթրիթ ջոռնելը» Ռուսաստանի տնտեսության հետ կապված տալիս է հետևյալ պարզաբանումը. «Օգոստոսի սկզբին ռուսական ֆինանսական շուկաների անկումը կտրուկ արագացավ, և ռուբլին միջին ամսական կտրվածքով ապրեց ամենամեծ անկումը վերջին ինը տարիների ընթացքում։ Օտարերկրյա ներդրողները նետվեցին իրենց ռուբլիները կայուն վալյուտայի վերածելու, և այդ գործընթացը կազմել է մոտ 25 մլրդ դոլար։ Ռուսական ընկերություններին տրամադրվող վարկերի ծավալը կրճատվեց 87%-ով՝ համեմատած հուլիս ամսվա հետ։ Գործնականում դադարեց նոր արժեթղթերի էմիսիան, որի ընդհանուր ծավալն օգոստոսին կազմեց ընդամենը 3 մլն դոլար, այն դեպքում, երբ հունիսին 933 միլիոն էր»։ Թեկուզև, ռուսական փորձագետների գնահատմամբ, վերելք ապրող Ռուսաստանի տնտեսությունն անցավ կմարսի այս իրավիճակը, սակայն այդ կորուստները, դատելով ամենից, տարածաշրջանում սկսված էներգետիկ պատերազմի առաջին փուլի դրսևորումն են»։
Մինչդեռ ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր և Վաշինգտոնի Բրուկինգյան ինստիտուտի փորձագետ Ռաջ Դեսային կարծում է, որ Ռուսաստանի տնտեսությունը կարող է մեծ կորուստներ կրել Կովկասում ծայր առած այս հակամարտությունից։ Նրա կարծիքով՝ «Նավթը և գազն են ձևավորել Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ինստիտուտները։ Ընդ որում, այն աստիճան, որ այսօր պարզ չէ, թե որքանով է Ռուսաստանի համար տրամաբանական՝ շարունակաբար հույսը կապել բնական ռեսուրսների բարձր գների հետ։ Կարճաժամկետ առումով Ռուսաստանը գուցե շատ բանի կհասնի՝ հատկապես օգտագործելով նավթագազային խաղաքարտը։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում այդպիսի գործողությունները վնասակար են ռուսական տնտեսության համար։ Որովհետև ռուսական էներգակիրները սպառող պետություններին մատակարարումները դադարեցնելու մասին հայտարարություններով վախեցնելը ստիպելու է նրանց որոնել նավթի և գազի ձեռքբերման այլընտրանքային ուղիներ»։
Եվ իսկապես էլ, երբ հրավիրվում էր Եվրամիության վերջին գագաթաժողովը, շատ էին կանխատեսումները, թե Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշումն օրինակ կծառայի եվրոպական երկրների մեծամասնությանը։ Սակայն միասնական Եվրոպան սահմանափակվեց ընդամենը դեկլարացիաներով, քանի որ նրա համար չափազանց կարևոր է ռուսական գազի անխափան մատակարարումը։ Մինչդեռ Վլադիմիր Պուտինն արդեն իսկ սպառնացել էր կրճատել ոչ միայն նավթի և գազի, այլև անտառափայտի, մետաղների, պարարտանյութերի մատակարարումները եվրոպական երկրներին։ Ավելին, Մոսկվայում լուրեր էին շրջանառվում, թե Կրեմլից արդեն իսկ «տեղյակ են պահել» «Լուկօյլ» նավթային ընկերության ղեկավարությանը, որ նրանք պետք է պատրաստ լինեն սահմանափակելու նավթի արտահանումը մասնավորապես Լեհաստան և Գերմանիա։
Սակայն, այնուհանդերձ, Բրյուսելում հազիվ թե մտադիր են շարունակաբար տեղի տալ Մոսկվայի շանտաժին, և պատահական չէր, որ Եվրամիության գագաթաժողովի որոշումներում մասնավորապես նշվեց, թե վերջին իրադարձությունները ստեղծել են մի իրավիճակ, երբ Եվրոպան պետք է լուրջ քայլեր ձեռնարկի իր էներգամատակարարման ոլորտը դիվերսիֆիկացիայի ենթարկելու ուղղությամբ։ Որոշում կայացվեց հերթական անգամ համալիր ուսումնասիրություն իրականացնել։
Այսպիսով, հաստատապես կարելի է պնդել, որ «հնգօրյա պատերազմի» գործընթացի մեջ ներգրավված բոլոր կողմերի համար այս ամենը միայն «ծաղիկներն» են։ Էներգակիրների տեղափոխման առումով առանցքային նշանակություն ձեռք բերած մեր տարածաշրջանում նոր բախումներ են սպասվում «խողովակաշարային» հողի վրա աշխարհի հզորների միջև։ Ռուսաստանի գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինն այս ողջ գործընթացում Մոսկվայի հնարավոր դիրքորոշման հետ կապված նշում է. «Կդրսևորվի դիվանագիտական բռիություն, և մեզ կփորձեն ներառել ռազմական բազաների օղակի մեջ։ Բայց հռետորաբանությանն ընդհանրապես ուշադրություն դարձնել պետք չէ։ Նրանք կոնկրետ շահ ունեն, որ Միջին Ասիայի գազը հոսի դեպի Եվրոպա` Ռուսաստանը շրջանցող ուղիներով, իսկ դրա համար անհրաժեշտ է բացարձակապես վերահսկել Վրաստանն ու Ադրբեջանը և անել այնպես, որ այդ երկրներում սկզբունքորեն գոյություն չունենա ռուսական ազդեցության նշույլն անգամ։ Ռազմական հակամարտության հրահրումն այդ նպատակին հասնելու ամենահարմար միջոցներից մեկն է, և ես կարծում եմ, որ այդ տրամաբանության շրջանակներում կլինի սադրանք Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև»։
Որքան էլ տարօրինակ է, այս ուռա-հայրենասիրական մոտեցումները ողջունում են նաև ադրբեջանական քաղաքագետները՝ իրենց մամուլի էջերից։ Ըստ ադրբեջանական ինտերնետ կայքերից մեկի` «Ռուսաստանն արդեն այսօր առաջարկել է Ադրբեջանին՝ գնել մեր ամբողջ բնական գազի պաշարները։ Համագործակցության երկրորդ կարևոր ուղղությունը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որի ստեղծումը ենթադրում է երկաթուղու կառուցում, որը կապահովի Իրան-Ադրբեջան-Ռուսաստան անխափան կապ։ Վերջնահաշվում, ինչպես ցույց տվեց Վրաստանի իրավիճակը, բոլոր հակամարտությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի, լուծման բանալին գտնվում է Կրեմլում, և միայն Ռուսաստանից ստացված ազդանշանով Ադրբեջանը կարող է խաղաղ կամ ռազմական ճանապարհով հետ վերադարձնել օկուպացված տարածքները»։ Այսպիսով, թեկուզ տարածաշրջանն ամբողջությամբ հայտնվել է խճճված կծիկ հիշեցնող թակարդում, ռազմական մասնագետներն ու տարբեր տաքգլուխներ չեն դադարեցնում իրենց համար քաղաքական միավորներ վաստակելու փորձերը, մոռանալով, որ գերտերությունների բախման դեպքում Հարավային Կովկասի երկրներից ոչ մեկը շահողի կարգավիճակում չի հայտնվելու։ Իրավիճակն ավելի են վատթարացնում Ռուսաստանի քաղաքական, ռազմական և տնտեսական շրջանակներում տիրող տրամադրությունները, թե` եթե դուք գտնվում եք Ռուսաստանի շահերի գոտում, ապա նույնիսկ անկախություն ունենալը չի նշանակում դաշնակիցներ փնտրելու ազատություն։ Այստեղ մնում է միայն ավելացնել՝ պարոնայք մի քիչ սխալվում են. այսօր քաղաքականության մեջ շահում է նա, ով ավելի զուսպ է, իրատես և պատրաստ հավասար երկխոսության։
Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել, որ Եվրամիությունը թեկուզ ուշացումով սկսել է դաշնակիցների որոնումը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում։ Այսօր Եվրոպային հատկապես հետաքրքրում է սևծովյան ավազանը, ուստի և միանգամայն հավանական է «Արևելյան գործընկերության» ծրագրի գործադրման արագացումը։ Հենց այդ ծրագրի շրջանակներում է ենթադրվում Բրյուսելի համագործակցության խորացումը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Մոլդովայի, ՈՒկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի, փորձագիտական մակարդակում՝ նաև Բելառուսի հետ։ Սպասվում է, որ այս ծրագիրը կհաստատվի 2009-ի մարտին, իսկ ԱՄՆ-ը, նախագահական ընտրարշավի մարաթոնը հաղթահարելով և իր առաջնահերթությունները ճշգրտելով, նոր ուժով կընդգրկվի տարածաշրջանային գործընթացների մեջ։
Ըստ այդմ, միանգամայն հավանական է, որ Կովկասի «բալկանացումը» էթնիկական հողի վրա, ժամանակակից նավթաբարոնների թեթև ձեռքով, ոչ միայն կշարունակվի, այլև կմտնի որոշիչ փուլ։ Եվ այդ դեպքում Ռուսաստանի ուղղակի գործընկերներից շատերը, այդ թվում՝ Հայաստանը, չեն կարողանա հստակ կողմնորոշվել, որովհետև տնտեսական և քաղաքական պարտավորություններով խիստ շաղկապված են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրամիության երկրների հետ, մյուս կողմից էլ չեն ցանկանում կորցնել իրենց անկախությունը։ ՈՒստի այդ դեպքում նրանք ընտրելու են գոյատևման մարտավարություն՝ փորձելով համադրել հզորների հետաքրքրությունները և միաժամանակ առավելագույնս պաշտպանել իրենց ազգային շահերը։
Հենց այս համատեքստում է, որ Հայաստանի դիրքորոշումն այս պահին կարելի է գնահատել խիստ հավասարակշռված, ինչի մասին էր վկայում հանրապետության նախագահի հանդիպումը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։ Անշուշտ, Սերժ Սարգսյանի ելույթը դեռ մանրամասն վերլուծության կարժանանա մամուլում, սակայն այս պահին ուշադրություն դարձնենք առաջնային մի փաստի. Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, թեպետ այդ հարցը դարձել է քննարկման առարկա, հիմնական խնդիրներից մեկը և Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշման հիմնական շարժառիթը։ Եվ, չնայած դրան, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն այդ քայլին չի կարող դիմել այն նույն պատճառով, ինչ պատճառով չճանաչեց Կոսովոյի անկախությունը, քանի որ առկա է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հիմնախնդիրը։ Ավելին, Հայաստանի ղեկավարի կարծիքով՝ անկախության ճանաչումը երկարաժամկետ գործընթաց է և չի ընդունում շտապողական մոտեցումներ։
Դրան դժվար է չհամաձայնել, մանավանդ որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ շտապողականությունը լավ է միայն լու սատկացնելիս, և նա, ով վռազ-վռազ բացում է Պանդորայի արկղը, կարող է ինքը տուժել դրա արդյունքում։ Այդպես էլ ստացվում է, որովհետև մի շարք լրատվամիջոցներ արդեն լուրեր են տարածել, թե օգոստոսին, ինչն, անշուշտ, պատահական չէ, Թաթարստանի մայրաքաղաք Կազանում գումարվել է Իդել-ՈՒրալի ժողովուրդների համակարգող խորհրդի կոնֆերանս, որտեղ ընդգրկված են ուդմուրտների, բաշկիրների, չուվաշների, թաթարների և մարիների ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ այս տարածաշրջանները Ռուսաստանի հիմնական նավթային և գազային տարածքներն են։ Եվ այս համակարգող խորհուրդը հրավիրվել է իբր Ռուսաստանում ոչ ռուս ազգությունների իրավունքների ոտնահարմանն ի պատասխան։ Այն ընդունել է հայտարարություն` «Պահպանենք ժողովուրդների ինքնատիպությունը» կարգախոսով, և այդ հայտարարության մեջ խոսվում է բացառապես այն մասին, որ Ռուսաստանում խախտվում են ֆեդերալիզմի և ազգերի հավասարության սկզբունքները։ Նախաձեռնողները նույնիսկ մտադիր են դիմել միջազգային հանրությանը։
Այսպիսով, կրկին հաստատվում է այն ճշմարտությունը, որ անդունդի մեջ երկար նայելը անվտանգ չէ, նույնիսկ եթե չափազանց հզոր ես ու ինքնավստահ։ Եվ լավ է, որ Հայաստանը, դատելով ընդդիմադիր և իշխանական քաղաքական վերնախավի դիրքորոշումներից, այսօր ձեռնպահ է մնում այդ գայթակղությունից։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5227

Մեկնաբանություններ